Հատուկ ջոկատայինները ռուս զինվորների խոշտանգումներին մասնակցած երկու ուկրաինացի զինվորականի են գերի վերցրել, ասել է Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Շամանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք, ովքեր խոշտանգումների են ենթարկել մեր զինծառայողներին, երկար չեն ուրախացել, երեք օր անց մեր հատուկ ջոկատայինները գերի են վերցրեցրել այդ սրիկաներին։ Այսօր նրանք, ոտքերն ընկած, գթություն են խնդրում»,- ասել է Շամանովը։ Նրա խոսքով՝ երկու գերեվարվածներն էլ Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի անդամ են, ինչպես իրենք են հայտնել առաջին հարցաքննությունների ժամանակ։

Խոսքը Ուկրաինայի քաղաքացիներ «Չիլի» մականունով Սերգեյ Վելիչկոյի եւ Կոնստանտին Նեմիչեւի մասին է, մեջբերում է «Ինտերֆաքսը» Շամանովի խոսքերը։

Ռուսաստանի իրավապահ մարմինները եւ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռեւս չեն հայտնել կալանավորման մասին։ Բացի այդ, ոչ մի տեսանյութ կամ ֆոտոապացույց չի հրապարակվել:

Հանգստյան օրերին սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երեւում էր, թե ինչպես են կրակում ենթադրաբար ռուս ռազմագերիների ոտքերին: ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել դեպքի հանգամանքները։ Ինչպես նշել են Քննչական կոմիտեում, «որոշ տեղեկություններով՝ ապօրինի գործողությունները տեղի են ունեցել Խարկովի մարզում ուկրաինացի ազգայնականների բազաներից մեկում»։