Ժողովուրդն է որոշում՝ քաղաքական որ ուժը քանի տեղ պետք է ունենա խորհրդարանում, եւ եթե ժողովուրդը որոշի, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում տեղ չի ունենալու, ՀԱԿ-ը հարգանքով կվերաբերի նրա այդ որոշմանը։ Լրագրողների հետ հուլիսի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ժողովուրդը որոշի, որ ՀԱԿ-ն Ազգային ժողովում մեծամասնություն է կազմելու, մենք կրկին հարգանքով եւ պատասխանատվությամբ կվեաբերենք այդ որոշմանը»,- նկատեց Փաշինյանը։
Անդրադառնալով մարտի 1-ի գործով քննչական խմբի եւ դրա ղեկավար Վահագն Հարությունյանի գործունեությանը՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց. «Եթե ընդդիմությունը հասավ նրան, որ իշխանությունը պաշտոնապես արձանագրեր՝ մարտի 1-ի էջը փակված չէ, դա դեռ չի նշանակում, որ ՀԱԿ-ն ակնկալում է, որ Վահագն Հարությունյանի քննչական խումբը բացահայտելու է մարտի 1-ը։ Սակայն որպեսզի բացահայտվի մարտի 1-ը, նախեւառաջ պետք է բացահայտել մարտի 1-ը չբացահայտելու հանցագործությունը, կոծկումներն ու պարտակումները։ Մենք հույս ունենք, որ այսօր կան բազմաթիվ հիմքեր, որոնք իրական հնարավորություն են տալիս բացահայտելու կատարվածը։ Համոզված ենք նաեւ, որ քննչական խումբը պետք է պատասխանատվություն կրի, պետք է բացահայտել հանցագործությունը պարտակողներին ու կոծկողներին»,- համոզմունք հայտնեց Փաշինյանը։




























