Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Գերմանական վերակառուցման եւ զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը եւ նրանց հետ քննարկել  KfW-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը բարձր է գնահատել KfW-ի հետ ձեւավորված համագործակցությունը եւ  պատրաստակամություն հայտնել ընդլայնել այն:

Ա. Գեւորգյանը կարեւորել է Կապսի ջրամբարի կառուցման հարցը, որն այժմ բանկի հետ քննարկման փուլում է: Ջրամբարի կառուցումը լուրջ  բնապահպանական նշանակություն կունենա` նպաստելով Արփի լճի ջրերի ավելի արդյունավետ օգտագործմանը եւ ավելացնելով ոռոգելի տարածքները: Այն կարող է մասնավոր-պետական հատվածների համագործակցության արդյունավետ մոդել դառնալ:

Փոխվարչապետ  նշել է, որ Գերմանական վերակառուցման եւ զարգացման  բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ձեւավորված  ջրամատակարարման համակարգերի բարելավման ոլորտում` մասնավորապես նկատի ունենալով KfW-ի վարկային միջոցներով «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲ, «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲ, «Նոր Ակունք» ՓԲ  ընկերությունների կառավարման եւ  դրանց տիրույթում գտնվող ցանցերի արդիականացման ծրագիրը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ  KfW-ի հետ համագործակցության ընդլայնման եւ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կողմերը ընդունելի են համարել Հայաստանում ՀԲ-ի հետ իրականացվող խմելու ջրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացման հնարավորության քննարկումը: