Վրաստանում կրոնական միավորումներին իրավական կարգավիճակ տալու մասին օրենքը համապատասխանում է ժողովրդավարական հասարակության նորմերին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել վրացի փորձագետ Զուրաբ Աբաշիձեն, հավելելով, որ ինքն անձամբ ամբողջությամբ կողմ է այդ օրենքին:

«Այդ օրենքը վաղուց պետք է ընդունվեր եւ այն ընդունելը ճիշտ քայլ էր»,- հայտարարել է նա, նշելով, որ Վրաստանում իրականում ոչ ոք այդ օրենքին դեմ հանդես չի գալիս: Նրա կարծիքով, Վրաստանում հասարակական բողոքի պատճառը ոչ թե այդ օրենքն էր, այլ այն մեթոդը, որով այդ օրենքն ըդնունվել է:

«Կան որոշակի ժողովրդավարական ստանդարտներ, որոնց պետք է հետեւել: Պետք չէր օրենքն ընդունել մի քանի օրում, այն պետք էր ներկայացնել հասարակության քննարկմանը, կազմակերպել բանավեճեր եւ այլն: Այդ դեպքում ամեն ինչ ավելի հարթ կընթանար»,- վստահություն է հայտնել քաղաքագետը:

Հարցին, թե հնարավո՞ր է օրենքը մոտ պագայում նորից խմբագրվի, Զուրաբ Աբաշիձեն փիլիսոփայորեն նկատել է. «Ես արդեն չեմ հիշում, թե քանի անգամ են Վրաստանում փոխել Սահմանադրությունը: Աշխարհն այդպիսին է, որ ամեն ինչ էլ հնարավոր է եւ ոչինչ բացառել հնարավոր չէ»,-նշել է նա: