Էստոնիայի կառավարությունը շաբաթ օրը որոշում է կայացրել ապրիլի 3-ից չեղարկել դիմակների ռեժիմը, հայտարարել է վարչապետ Կայա Կալլասը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Մենք հասել ենք ռիսկի դեղին մակարդակի, եւ արդեն վաղը կարող ենք հանել դիմակները։ Այս պահին ընթանում է կառավարության նիստ, որի ժամանակ մենք անմիջապես կձեւակերպենք պաշտոնական որոշումը, որն ուժի մեջ կմտնի վաղվանից»,- հայտարարել է նա սոցիալական ցանցերում։

Կալլասը նշել է, որ «վաղվանից հասարակական վայրերում այլեւս պետք չէ դիմակ կրել։ Սակայն ուժի մեջ է մնում մարդաշատ վայրերում եւ հասարակական տրանսպորտում դիմակ կրելու խորհուրդը, հատկապես ռիսկային խմբերի համար»:

Վարչապետն ասել է, որ օրական միջինը 1000-ից ավելի մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվում, իսկ օրական գրեթե 30 մարդ հիվանդության ծանր ընթացքի պատճառով հիվանդանոց է ընկնում։

Առողջապահության խորհրդի տվյալներով՝ ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ Էստոնիայի հիվանդանոցներում կորոնավիրուսով 274 հիվանդ կա։ Օրվա ընթացքում հիվանդանոցներ 32 նոր մարդ է ընդունվել։

Երեք մարդ մահացել է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդություններից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 2466 մարդ։

Անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 939 նոր դեպք. Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից վարակվել է 558 253 մարդ՝ 1,3 միլիոն բնակչությունից։

Այսօր առավոտվա դրությամբ պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժին է ստացել 445 424 մարդ։ Էստոնիայի ողջ բնակչության 63,4 տոկոսը պատվաստվել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինով: