Միջազգային ապահովագրական ընկերություններից շատերի համար հայկական շուկան շատ փոքր է` տեղի ապահովագրական սեկտորի հետ ակտիվ աշխատանքի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց լեհական Polish Reinsurance Company ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Յացեկ Կուգաչը:

«Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը 2010-ի վերջի դրությամբ կազմում էր շուրջ 20 մլն դոլար: Մինչ այդ շուկայում փաստացի գործում էին երկու վերաապահովագրական ընկերություններ` մերը եւ ռուսական «ՍԿՈՐ վերաապահովագրում»-ը: Իր փոքր ծավալների պատճառով հայկական շուկան մջազգային վերաապոհովագրական ընկերությունների կողմից մնում է աննկատ: Սակայն մենք ձգտում ենք ապահովագրական պայմանագրերի նվազագույն շեմ սահմանել, որոնց հետ աշխատում ենք եւ քննարկում ենք դիմումներն անկախ դրանց ծավալից»,- նշեց Կուգաչը:

Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած ընկերությունը 2006-ից Հայաստանում տարբեր ոլորտներում վերաապահովագրական գործունեություն է ծավալում, համագործակցելով 7 ապահովագրական ընկերությունների հետ (Հայաստանում նման ընկերությունների թիվը 9 է):