Հայաստանի ԱԳՆ-ում կայացել է Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի եւ երկակի ու ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման, ԶՈԶ չտարածման եւ սահմանների անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակության հանդիպումը:

Ինչպես հայտնել են NEWS.am-ին ԱՆԳ մամուլի ծառայությունից, ամերիկյան կողմը բարձր է գնահատել արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանի  ձեռնարկած իրավական բարեփոխումները եւ համապատասխան ընթացակարգերի գործնական  կիրառումը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի հյուսիսային մաքսային անցակետերի արդիականացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը:

Հանդիպմանը քննարկվել են նշված ոլորտներում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արդեն իսկ հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորանցման հետ կապված խնդիրներ: