Լեհական կառավարությունը հրապարակել է Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի մերձակայքում ՏՈՒ-154 օդանավի աղետի վերաբերյալ երկար սպասված վերջնական զեկույցը։ Այդ աղետի արդյունքում էր զոհվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, արդյունքում հրաժարական կարող է ներկայացնել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը։ Սակայն նման եզրակացությունները դեռեւս ենթադրություններ են։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», լեհական կողմի կարծիքով, Սմոլենսկի ռուս դիսպետչերը սխալ հրահանգներ է տվել նախագահական օդանավի անձնակազմին։

Միաժամանակ, Լեխ Կաչինսկիի օդանավի՝ գետնի հետ բախման զգուշացնող TAWS համակարգը թռիչքի պատրաստ չի եղել, ասված է աղետի պատճառներն ուսումնասիրող կառավարական հանձնաժողովի զեկույցում։

Ավելի վաղ, լեհական լրատվամիջոցները գրում էին, որ հանձնաժողովը պատասխանատվության հինական մասը կարող է լեհական կողմի վրա դնել։ Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում են թռիչքի տարբեր պահերին  ռուսական եւ լեհական կողմի թույլ տված խախտումների մասին։

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի օդանավը Սմոլենսկի մերձակայքում կործանվել էր 2010 թվականի ապրիլի 10-ին։ մահացել էին օդանավում գտնվող բոլոր 96 մարդիկ։