Տեսախցիկները ֆիքսել են նորվեգացի ահաբեկչի գործողությունները պայթյունից առաջ՝ վարչապետի գրասենյակի մերձակայքում։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Անդերս Բրեյվիկը կես տոննա քաշ ունեցող ռումբով բեռնված իր միկրոավտոբուսը կայանել է վարչապետի գրասենյակի ընդունարանից ոչ հեռու։ Ոստիկանները նրա վրա ուշադրություն չեն դարձրել, քանի որ Բրեյվիկն իրավապահ մարմնի աշխատակցի համազգեստով է եղել։ Երկու րոպե անց մեխանիզմը պայթել է։
Բրեյվիկի «Ֆոլկսվագենում» եղած ռումբը պատրաստվել է Լեհաստանից գնված քիմիկատներից։
Պայթյունից հետո Բրեյվիկը մինչեւ Ռեն՝ իր տանից ոչ հեռու գտնվող գյուղակ, տոմս է գնել, նստել տաքսի եւ վերադարձել տուն։ Տաքսու վարորդը հիշել է, թե ինչպես է կատակել եւ ծիծաղել իր ուղեւորի հետ։
Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել Նորվեգիայում հուլիսի 22-ին: Սկզբում Օսլոյի կառավարական թաղամասում, որտեղ գտնվում է վարչապետի գրասենյակը, պայթել է պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան, իսկ մի քանի ժամ հետո, երկրի մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ուտեյա կղզում տեղակայված իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարում ոստիկանական համազգեստով տղամարդը գնդակահարել է դեռահասներին:




























