ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 29-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմին եւ գործադիր մարմնի մարզային կառույցներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ՏԿՆ մամուլի ծառայությունից, Գեւորգյանը բարձր է գնահատել նախկին մարզպետ Արամ Քոչարյանի կատարած աշխատանքը եւ շնորհակալություն հայտնեց նրան` մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքների համար:
Փոխվարչապետը վստահություն հայտնել, որ Ա. Նալբանդյանը պատշաճ մակարդակով կիրականացնի մարզում կառավարության քաղաքականությունը: Նոր պաշտոնում հաջողություններ մաղթելով Ա.Նալբանդյանին` Գեւորգյանը նշել է, որ վերջինս աշխատանքի մեծ փորձ ունի տեղական ինքնակառավարման համակարգում եւ քաջատեղյակ է խնդիրներին:
Լոռու նորանշանակ մարզպետ Ա. Նալբանդյանը 2005թ. ընտրվել եւ 2008թ. վերընտրվել է Ալավերդու քաղաքապետ: Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով` տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ եւ այդ մարմինների կայացմանն ակտիվ մասնակցության համար: Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:




























