«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարը շարունակում է արժեզրկվել հայկական դրամի նկատմամբ: Այսօր` հուլիսի 29-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 363.00 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկումը 0.18 տոկոս է:

Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 7.1 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերում դոլարի համար 361 դրամից ավելի չեն առաջարկում, թեեւ վաճառքը սկսում է 364 դրամից:

Նշենք, որ միջազգային շուկայում ամերիկյան դեֆոլտի սպասումների ներքո տեղի է ունեցել դոլարի փոխարժեքի կտրուկ անկում եվրոյի եւ համաշխարհային այլ արժույթների նկատմամբ: Մասնավորապես` հուլիսի 26-ին 1 եվրոն արդեն արժեր 1.45 դոլար, թեեւ դրանից հետո նկատվում է դոլարի փոխարժեքի հարաբերական կայունացում: Դոլարը նույնիսկ մասամբ ետ է վերադարձրել կորցրած դիրքերը: Այսօր` ժամը 16:00-ի դրությամբ եվրո/դոլար հարաբերակցությունը կազմում է 1/1.4243: 

Հայաստանյան ֆինանսական շուկայում դոլարի արժեզրկմանը նպաստում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները: Ներքին գործոններից, մասնավորապես, պետք է նշել զբոսաշրջային ակտիվության աճը: Հանգստի մեկնող ՀՀ քաղաքացիները վաճառում են մեծ քանակությամբ պահուստավորված դոլարներ, բացի այդ` ավելացել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: