Այս տարի հուլիսին «Շտապօգնություն» ՓԲԸ-ն ստացվել է արեւահարության դեպքի 21 կանչ, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եղել է նույն գանգատով 11 կանչ։ Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա նշեց, որ հուլիսին կանչերի քանակը, ընդհանուր առմամբ, նույնիսկ երկու հազարով քիչ է, քան եղել է հունիսին։ Հուլիսի 6-ին եղել են ամենաշատ կանչերը` մոտ 600-ը: «Ամենաշատը դիմում են սիրտանոթային հիվանդությունների, կոտրվածքների դեպքում։ Սննդի թունավորման գանգատով դիմել է 10 հիվանդ»,- հայտնեց Թ.Ստեփանյանը։
Առողջության պահպանման համար առողջապահության նախարարության հիգիենայի եւ հակահամաճարակային վարչության ներկայացուցիչ Նունե Բակունցը խորհուրդ է տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ հատկապես 12:00-17:00-ի սահմաններուն չմնալ արեւի տակ, շատ հեղուկ ընդունել, բայց խուսափել սառը ջուր խմելուց: Բժիշկները հորդորում են արեւայրուք ընդունելու դեպքում օգտագործել համապատասխան քսուկներ, արեւի տակ անպայման կրել արեւային ակնոց։ Երեխաներին խորհուրդ է տրվում ցերեկը քնել, իսկ եթե չեն քնում, գոնե` պառկել, քանի որ այդ դիրքում արյան շրջանառությունը ավելի լավ է կատարվում։ Սնվելուց անմիջապես հետո պետք է խուսափել դրսում պատրաստվող պաղպաղակից, հյութերից։




























