Բաքվի կալանավայրում հարձակման է ենթարկվել մեկ ամիս առաջ 6 տարվա ազատազրկման դատապարտված Ազգային պետականության կուսակցության առաջնորդ Նայմաթա Փանահլըն։
Ինչպես հուլիսի 28-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նրա եղբայրը, հարձակումը կատարվել է հուլիսի 25-ին։ Դրանից մեկ օր առաջ Փանահլըի խուց մեկ այլ դատապարտյալի են տեղափոխել։
Այդ գիշեր Փանահլըն արթնացել է եւ տեսել, որ այդ մարդը ածելիով ուզում է կտրել իր կոկորդը։
Նրա փաստաբանները կատարվածի առնչությամբ դիմել են կալանավայրի ղեկավար Էլհան Սադիգովին, սակայն նախաքննություն չի կատարվել։
Նշենք, որ Փանահլըն ձերբակալվել էր հունվարի 8-ին՝ քաղաքացի Էլդար Ռզաեւի բողոքի հիման վրա։ Վերջինս Փանահլըին մեղադրել էր իրեն ծեծելու մեջ։ Սակայն Փանահլըի բարեկամները կարծում են, որ նրա ձերբակալման իրական պատճառը P.S. Nota թերթին տված հարցազրույցն է, որում նա սուր քննադատության է ենթարկել իշխող էլիտային։




























