Վերջին 20 տարիների ընթացքում լրատվամիջոցների հանդեպ վստահությունը զգալիորեն նվազել է: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայ-եվրոպական «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: «Հայկական մամուլը քիչ թե շատ ազատ է: Հայաստանում հասարակությունը ռադիոյին ավելի շատ է վստահում, քան հեռուստատեսությանը, իսկ ինտերնետային լրատվամիջոցները շատ անկախ են եւ շատ լուրջ մրցակցություն կա նրանց միջեւ»,- ընդգծեց Հակոբ Ասատրյանը:

«Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ 90-ականներին մենք ավելի շատ էինք հավատարիմ մեր մասնագիտությանը, իսկ այժմ լրագրողական նյութի հիմքում  կոմերցիան է, պատվերը, որը շատ է վնասում հայ լրագրության հեղինակությանը: Փաստացի չկան վերլուծական հոդվածներ, երեխաների համար նյութեր»,- ասաց Ասատրյանը: Ինչ վերաբերում է արտասահմանում գործող հայկական ԶԼՄ-ներին, ապա  Հակոբ Ասատրյանը նշեց. «Հեռուստատեսության գրեթե բոլոր ծրագրերը հեռարձակվում են օտար լեզուներով, ինչի արդյունքում սփյուռքի հայ երեխաները չգիտեն իրենց մայրենին, չեն լսում այն եւ զարմանալի չէ, որ նրանք գերազանց գիտեն չեխերեն, իսկ հայերեն նույնիսկ բառեր չգիտեն: Արտասահմանում տպագրվող հայկական մամուլի նպատակը պետք է լինի հայերենը պահպանելը»,- ամփոփեց Ասատրյանը: