Կառավարությունում այսօր` հուլիսի 29-ին տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի չորրորդ նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղեցույցերը եւ օրինակելի ձեւերը:

Օրենքի փոփոխությամբ ներդրվում է տեսչական ստուգումների անցկացման նոր համակարգ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները եւ ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսվարողներին:

Ստուգող մարմինները պետք է մշակեն ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանություն եւ ստուգաթերթեր, ինչպես նաեւ հրապարակեն իրենց տարեկան ստուգումների ծրագրերն ու իրականացված ստուգումների եւ ուսումնասիրությունների հաշվետվությունները:

Հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը  ներկայացրել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանության եւ ստուգաթերթերի մշակման մեթոդական ուղեցույցերը,  ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձեւը եւ լրացման ուղեցույցը, նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների եւ ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձեւը եւ լրացման ուղեցույցը, որոնք կնպաստեն ստուգող մարմինների կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների ամբողջական համակարգի արդյունավետ ներդրմանը:

Նիստում ի գիտություն է ընդունվել պիլոտային տեսչություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել աշխատանքի պետական տեսչության հետ համատեղ մշակված  ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության նախագիծը: