Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ չհայտարարված այցի շրջանակներում Կիեւ ժամանելով, գրում է Daily Mail-ը։
Ուկրաինացի պաշտոնյաների կողմից հրապարակված լուսանկարում Ջոնսոնն ու Զելենսկին մեծ դահլիճում սեղանի մոտ նստած են միմյանց դիմաց՝ իրենց երկրների դրոշների ֆոնին:
Ջոնսոնը մուգ կոստյումով է, իսկ Զելենսկին՝ դարչնագույն կոմբինեզոնով։
Լուսանկարի հրապարակումից առաջ հանդիպման մանրամասները չեն հրապարակվել։ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանություը առաջիններից է հրապարակել նկարը, որի հետ «Անակնկալ» գրառում է արել ու աչքով անող սմայլիկ դրել:
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ վարչապետն օգտվել է այդ այցից՝ ֆինանսական եւ ռազմական օգնության նոր փաթեթ ներկայացնելու համար:
Ջոնսոնը երեկ հայտարարել է, որ Բրիտանիան 100 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ զենք կուղարկի Ուկրաինային։
«Վարչապետը մեկնել է Ուկրաինա, որպեսզի անձամբ հանդիպի նախագահ Զելենսկու հետ՝ ի նշան ուկրաինացիների հետ համերաշխության։ Նրանք կքննարկեն Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային երկարաժամկետ աջակցությունը, եւ վարչապետը ֆինանսական ու ռազմական օգնության նոր փաթեթ կներկայացնի»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը։
Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Սիբիխան Facebook-ում գրել է. «Բորիս Ջոնսոնի այցը Կիեւ նոր է սկսվել նախագահ Զելենսկու հետ առանձնազրույցով։ Մեծ Բրիտանիան Ուկրաինային պաշտպանական աջակցության առաջատարն է»,- հավելել է նա:
Ջոնսոնի այցը Ուկրաինայի մայրաքաղաք հաջորդել է ուրբաթ օրը Կիեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի եւ շաբաթ օրը Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի այցերին։
Մարտին հաղորդվել էր, որ վարչապետը պաշտոնատար անձանց խնդրել է ուսումնասիրել Ուկրաինայի մայրաքաղաք մեկնելու գործնականությունն ու նպատակահարմարությունը՝ իր ուկրաինացի գործընկերոջ հետ բանակցելու համար:





























