Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շաբաթ օրը Կիեւում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Մեծ Բրիտանիան երկրին 120 զրահամեքենա եւ նոր հականավային հրթիռային համակարգեր կտրամադրի, հայտնում է Reuters-ը։
Դաունինգ Սթրիթը հայտնել է, որ այդ օգնությունը տրվում է ի լրումն բարձրակարգ ռազմական սարքավորումների համար 100 մլն ֆունտ սթեռլինգ գումարի, որի մասին հայտարարվել էր ուրբաթ օրը։
Մեծ Բրիտանիան նաեւ երաշխավորում է Համաշխարհային բանկի կողմից եւս 500 մլն դոլարի վարկերի տրամադրում Ուկրաինային՝ վարկի երաշխիքների ընդհանուր գումարը հասցնելով 1 մլրդ դոլարի, ինչպես նաեւ ազատականացնում է Ուկրաինայից ներմուծվող ապրանքների մեծ մասի մաքսատուրքերը եւ այլ միջոցներ է ձեռնարկում ազատ առեւտուրը խթանելու համար:





























