Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շաբաթ օրը հայտարարել է, որ «խորապես վշտացած եւ հիասթափված է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահվածքից, հայտնում է Reuters-ը։
Բեռլուսկոնին, որը տարիներ շարունակ բարեկամական սերտ հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի առաջնորդի հետ, ասել է, որ Պուտինը «պետք է աշխարհի առջեւ ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնի Ուկրաինա ներխուժման համար»:
«Ես նրա հետ ծանոթացել եմ 20 տարի առաջ, եւ նա ինձ միշտ ժողովրդավարության ու խաղաղության մարդ է թվացել… Ինչ ափսոս»,- ասել է Բեռլուսկոնին՝ ելույթ ունենալով Հռոմում իր պահպանողական Forza Italia կուսակցության համագումարում:
Բեռլուսկոնին ուկրաինական հակամարտության սկզբից առաջին անգամ է հրապարակավ խոսել Պուտինի մասին։
«Ուկրաինայի վրա հարձակումը, Ռուսաստանին Եվրոպա բերելու փոխարեն, նրան նետեց Չինաստանի գիրկը... Ինչ ափսոս, ինչ ափսոս»,- ասել է նա։





























