Պակիստանի ընդդիմադիր կուսակցությունը շաբաթ իշխանությունից հեռացրել է երկրի վարչապետ Իմրամ Խանին՝ վերջինիս անվստահության քվե հայտնելով, հաղորդում է Reuters-ը:

Ընդդիմությանը հաջողվել է հաղթանակ տանել այն բանից հետո, երբ Խանի մի քանի կողմնակիցներ եւ առանցքային կոալիցիոն կուսակցությունը լքել են նրան:

Միավորված ընդդիմությունը, որում ընդգրկված են ձախակողմյանից մինչեւ արմատական կրոնական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նոր կառավարություն կձեւավորի, իսկ խոշորագույն կուսակցություններից մեկի՝ «Պակիստանի մուսուլմանական լիգայի» ղեկավարը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Ի պատասխան՝ Խանն իր կողմնակիցներին կոչ է արել կիրակի հանրահավաքներ անցկացնել ողջ երկրով մեկ: Նրա հնարավորությունները սահմանափակ են, եւ եթե նա մեծ աջակցություն ստանա, կարող է փորձել պահպանել փողոցային ցույցերի գործոնը, որպեսզի ճնշում գործադրի խորհրդարանի վրա՝ այն ցրելու եւ արտահերթ ընտրությունների գնալու նպատակով, նշում է լրատվական գործակալությունը:

Անցյալ կիրակի Խանը ցրել էր խորհրդարանը եւ պայմաններ ստեղծել արտահերթ ընտրությունների համար՝ ընդդիմությանը մեղադրելով իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար, սակայն Գերագույն դատարանը խորհրդարանի լուծարումն անօրինական է ճանաչել: