Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին գտնվում է Լյուքսեմբուրգում, որտեղ եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյն այսօր նրան կհանձնի ԵՄ անդամակցության դիմումի հետ կապված հարցաթերթիկը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է հնարավորինս արագ Բրյուսելին տրամադրի ԵՄ անդամակցության համար լրացված դիմումի հարցաթերթիկը:
«Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ այն բոլոր բարիքները, առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին տարիներին ԵՄ-ի հետ հարաբերություններում, մեր իշխանությունների, իշխող կուսակցության վաստակն է՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից սկսած, ինչպես նաեւ ազատ առեւտուրը, առանց վիզայի ռեժիմը, իսկ այժմ՝ անդամակցության պաշտոնական դիմումը, այդ ամենը կապված է «Վրացական երազանք»-ի հետ։ Ուստի այդ նույն պատասխանատվությամբ մենք կստանանք այս հարցաթերթիկը, կգործարկենք այն եւ ամենակարճ ժամկետներում կտրամադրենք լրացված փաստաթղթերը։ Ակնկալում եմ, որ սերտ համագործակցություն կունենանք խորհրդարանի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ, որոնք իրենց ներդրումը կունենան այս գործընթացում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։





























