Հունգարիան եւ Ավստրիան կասկածի տակ են դրել «սեւ ցուցակում» երկու ռուս գործարարների ներառելու ԵՄ որոշումը, սակայն, ի վերջո, համաձայնել են այդ քայլին այլ կառավարությունների ճնշումից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագետներին եւ պաշտոնյաներին:
Անցած ուրբաթ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ էր ընդունել, որի շրջանակներում սեւ ցուցակում էին հայտնվել նաեւ Մոշե Կանտորը եւ Գերման Գրեֆը:
Հունգարիայի եւ Ավստրիայի մտավախությունները Կանտորի եւ Գրեֆի՝ սեւ ցուցակում հայտնվելու վերաբերյալ ընդգծում են այն դժվարությունները, որոնց ԵՄ-ն բախվում է Ռուսաստանի դեմ միասնական ճակատով հանդես գալու հարցում: Էստոնիայի եւ Լիտվայի բանագնացները հաջողությամբ կոչ են արել իրենց գործընկերներին չբացառել երկու տղամարդկանց ցուցակից, ասել են դիվանագետները:
Կանտորը, որը պարարտանյութ արտադրող ռուսական «Ակրոն» ընկերության հիմնական բաժնետերն է, նաեւ բարերար է, ով ղեկավարում էր Եվրոպայի հրեական կոնգրեսը (ԵՀԿ): Նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապերի համար, ասվում է ԵՄ պատժամիջոցների փաստաթղթում։ Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի քաղաքացի Կանտորն արդեն իսկ պատժամիջոցների է ենթարկվել Լոնդոնի կողմից, եւ ԵՀԿ-ն հայտարարել է, որ նա հեռանում է նախագահի պաշտոնից:
Հունգարիան եւ Ավստրիան կասկածի տակ են դրել Կանտորի դեմ գործողություններն անցյալ չորեքշաբթի ԵՄ դիվանագետների հանդիպման ժամանակ, հայտնել են հանդիպմանը ներկա պաշտոնյաները:
Նրանց խոսքով՝ Հունգարիայի ներկայացուցիչը զարմանք է հայտնել Կանտորի՝ սեւ ցուցակում հայտնվելու կապակցությամբ, ով մրցանակներ է ստացել ԵՄ մի շարք երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանն Ավստրիայի ներկայացուցիչները լրացուցիչ տեղեկություններ է խնդրել այն մասին, թե ինչու է Կանտորը ներառվել ցուցակում:
Հանդիպմանը Հունգարիան կասկածի տակ է դրել նաեւ «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆի ընդգրկումը սեւ ցուցակում:



























