Նեպալը կրճատում է ավտոմեքենաների, ոսկու եւ կոսմետիկայի ներմուծումը՝ արտարժութային պահուստների նվազման պատճառով։ Այս մասին հայտարարել է կենտրոնական բանկի ներկայացուցիչը այն բանից հետո, երբ կառավարությունը պաշտոնից ազատել է ԿԲ նախագահին։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ասել է, որ չգիտի, թե ինչու է Nepal Rastra Bank-ի (NRB) կառավարիչ Մահա Պրասադ Ադհիկարին պաշտոնանկ արվել, եւ կառավարական հանձնաժողովը հետաքննում է այդ հարցը:

Կառավարության պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ Ադհիկարին մեղադրվում է ԶԼՄ-ներին գաղտնի ֆինանսական տեղեկատվության արտահոսքի համար:

Երկրի համախառն արժութային պահուստները փետրվարի կեսի դրությամբ նվազել են մինչեւ 9,75 մլրդ դոլար՝ նախորդ տարվա հուլիսի կեսի համեմատ 17 տոկոսով պակաս: Ընթացիկ պահուստները բավարար են մոտ վեց ամիս ներմուծմանը աջակցելու համար:

«NRB-ն կարծում է, որ երկրի արժութային պահուստները գտնվում են ճնշման տակ, եւ անհրաժեշտ է ինչ-որ բան անել երկրորդական ապրանքների ներմուծումը սահմանափակելու համար՝ առանց հիմնական ապրանքների մատակարարման վրա ազդելու»,- Reuters-ին ասել է NRB-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Նարայան Պրասադ Փոքհարելը:

Նա ասել է, որ միայն բանկին ամբողջությամբ վճարելու դեպքում ներկրողներին 50 «շքեղ ապրանքներ» ներկրելու արտոնագիր կտրվի՝ հրաժարվելով նշել բոլոր ապրանքները։

«Մենք արդեն բոլոր սահմանային մաքսակետերին տեղեկատվություն ենք ուղարկել այդ ապրանքների ներմուծման նոր կարգի մասին»,- ասել է նա։ «Սա չի արգելում ներմուծումը, այլ խոչընդոտում է դրան»։

Բանկային տվյալները ցույց են տալիս, որ դրամական փոխանցումները հուլիսի կեսից մինչեւ փետրվարի կեսը նվազել են 5,8 տոկոսով՝ կազմելով 4,53 մլրդ դոլար: