ԱՄՆ-ը կարծում է, որ Հնդկաստանը չպետք է ավելացնի էներգառեսուրսների գնումները Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ խոսելով նախագահ Ջո Բայդենի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի առցանց հանդիպման մասին։
Նրա խոսքով՝ Բայդենը Մոդիի հետ քննարկել է Ուկրաինայի հետ կապված հարցեր, այդ թվում՝ Հնդկաստանի կողմից էներգակիրների գնումները Ռուսաստանից, սակայն «կոնկրետ հարցեր» չի բարձրացրել։
Պաշտոնյան ասել է, որ Հնդկաստանն ինքնուրույն է որոշումներ կայացնում, սակայն Միացյալ Նահանգները կարծում է, որ Հնդկաստանը չպետք է ավելացնի էներգակիրների գնումները Ռուսաստանից:
Նա նշել է, որ երկու առաջնորդները «ջերմորեն» մտքեր են փոխանակել, թեեւ Հնդկաստանի դիրքորոշումը Վաշինգտոնում մտահոգություն է առաջացնում։
«Կոնկրետ հարց եւ կոնկրետ պատասխան չեղավ, բայց առաջնորդները կարողացան բավականին մանրամասն եւ անկեղծ մտքերի փոխանակում ունենալ»,- ասել է պաշտոնյան:
Նա նշել է, որ Բայդենը հատուկ չի պահանջել, որ Հնդկաստանը դադարեցնի գնումները:
«Երկրները պետք է կատարեն իրենց սեփական ընտրությունը»,- ասել է պաշտոնյան: «Այնուամենայնիվ, մենք չենք կարծում, որ Հնդկաստանը պետք է արագացնի կամ ավելացնի ռուսական էներգառեսուրսների ներմուծումը»։
Բայդենը ձգտել է ընդգծել այն ոլորտները, որտեղ Հնդկաստանը կարող է օգնել «մեղմացնել պատերազմի ապակայունացնող հետեւանքները», ասել է պաշտոնյան՝ վկայակոչելով սննդի մատակարարումները:
Հանդիպմանը Մոդին մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ սերտ կապերի մասին, մի գործոն, որը, պաշտոնյայի խոսքով, կարող է ազդել Ուկրաինայում պատերազմի նկատմամբ Հնդկաստանի վերաբերմունքի վրա։
Նարենդրա Մոդին հայտարարել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ն «անփոխարինելի դեր» կխաղա Հնդկաստանի զարգացման մեջ առաջիկա 25 տարիների ընթացքում»:
Բայդենի վարչակազմը Հնդկաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների ամրապնդումը դարձրել է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին դիմակայելու իր ռազմավարության հիմնաքարը, սակայն մի շարք առանցքային հարցերում հակասության մեջ է հայտնվել Մոդիի կառավարության հետ:
Փակ դռների հետեւում հանդիպումից առաջ իր բացման խոսքում Բայդենը ողջունել է Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու Հնդկաստանի խոստումը եւ ասել, որ երկու կողմերը «կշարունակեն սերտ խորհրդակցությունները, թե ինչպես հաղթահարել այս պատերազմի ապակայունացնող հետեւանքները»:
Մոդին ասել է, որ ինքը մի քանի առիթներով խոսել է ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, եւ առաջարկել է, որ ուղիղ բանակցություններ անցկացվեն երկու առաջնորդների միջեւ։





























