«ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը լուրջ ֆինանսական կորուստներ է կրել։ Գործարարը որոշել է Թուրքիայից սնունդ ներկրել, որն արգելված է Հայաստանի օրենքով։ Պատգամավորը, սակայն, շրջանցելով օրենքը` ներկրել է մեծ քանակությամբ հավի ճուտ, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն արգելել է պատգամավորին հաջողությամբ ավարտել ճտի ներկրման գործընթացը։ Արդյունքում՝ մեծ քանակությամբ ճուտը փչացել է, իսկ պատգամավորը միլիոնների վնաս է կրել։
Թերթը գրում է, որ երկրորդ «պարտիան» պատգամավորի վնասները փոքր-ինչ կոմպենսացրել է։ «Հատուկ «Մաքս գրուպի» Խաչիկի համար ՀՀ օրենսդրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, եւ նրան հաջողվել է երկրորդ պարտիան բարեհաջող «ներկրել»»,- գրել է թերթը` ավելացնելով, որ Խաչիկ Մանուկյանին վերջերս հաճախակի կարելի է տեսնել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Երեւանի տարբեր սրճարաններում։ Ի դեպ, շրջանառվող խոսակցությունների համաձայն` սննդի անվտանգության պետական ծառայության նախկին ղեկավար Գրիգորյանը հենց այդ կապակցությամբ է իր աշխատանքին հրաժեշտ տվել։ Հիշեցնենք, որ նրան այդ պաշտոնում նշանակել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը մեկ ամիս անց ստիպված եղավ իր կադրին ազատելու զբաղեցրած պաշտոնից:




























