Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների «բլիցկրիգը» չհաջողեց, երկրի ֆինանսական համակարգն ու արդյունաբերությունը աշխատում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ «բլիցկրիգը», որին ապավինում էին մեր չարակամները, իհարկե, չհաջողեց, դա ակնհայտ է։ Մեր ֆինանսական համակարգն ու արդյունաբերությունը ռիթմիկ աշխատում են»,- ասել է ՌԴ ղեկավարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երեքշաբթի օրը Ամուրի մարզում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայանի տարածքում կայացած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունն աշխատում է բավականին կայուն եւ արդյունավետ, մոտ ապագայում մակրոտնտեսական ցուցանիշների պահպանման միտումը կշարունակվի։ Պուտինն ակնկալում է, որ պատժամիջոցների հետ կապված իրավիճակում Արեւմուտքում կհաղթի ողջախոհությունը։

Պուտինն Ուկրաինայում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանին այլ կերպ գործելու ընտրություն չթողեցին։ «Ուկրաինայում տեղի ունեցողը ողբերգություն է, բայց Ալեքսանդր Գրիգորեւիչը [Լուկաշենկոն] ճիշտ ասաց՝ ընտրության հնարավորություն չթողեցին: Պարզապես ընտրություն չկար, հարցը միայն ժամանակն էր, թե երբ կսկսվի։ Ահա եւ վերջ»,- հայտարարել է Պուտինը։