ԱՄՆ-ը ոչ միայն Ուկրաինային է մղում Բելառուսին դիմակայելու, այլեւ Լեհաստանին ու Մերձբալթյան երկրներին։ Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ամերիկացիները, ոչ միայն Ուկրաինային, այլեւ մեր արեւմտյան հարեւան Լեհաստանին եւ Մերձբալթյան երկրներին մղում Բելառուսի հետ դիմակայության»,- երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ամուրի տարածաշրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում կայացած բանակցություններից հետո ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին հարված կհասցվեր, եթե նա ավելի ուշ սկսեր ռազմական գործողությունը։ «Եթե Ռուսաստանը մի փոքր ուշ սկսեր ռազմական գործողությունը, ապա նրանք պատրաստվում էին, իրենց կարծիքով, «ջախջախիչ հարված» հասցնել Ռուսաստանի տարածքին, հարեւան շրջաններին»,- ասել է նա։
Մեկնաբանելով Արեւմուտքի կողմից Մինսկի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ «մենք նրանց «դոսվիդոս» ենք ասում եւ ինքներս ենք կառուցելու մեր կյանքը»։ «Մենք նրանց (պատժամիջոցներին - խմբ.) ասում ենք «լավ, ցտեսություն», ինչպես ժողովուրդն է ասում՝ «դոսվիդոս»։ Մենք ինքներս ենք կառուցելու մեր կյանքը։ Եվ մենք կարող ենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ միաբեւեռ աշխարհը կփլուզվի, քանի որ դրա հիմքը՝ ԱՄՆ-ը, այսօր կործանարար է։



























