Ռուսաստանում ԱՄՆ դոլարի ֆենոմենալ ամրապնդումից հետո սկսվեց դրա շոշափելի անկումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 11-ին, այս համաշխարհային արժույթի պաշտոնական փոխարժեքը գերազանցել էր 120 ռուբլու սահմանը։
Սակայն շուտով ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքի արագ անկում սկսվեց։ Առաջին հայացքից ռուսական արտարժույթի շուկայում աժիոտաժը դադարեց։ Սակայն իրենց դերը խաղացին արտարժույթի գնման խիստ սահմանափակումները։ Մասնավորապես, բրոքերների միջոցով արտարժույթի գնման համար 12 տոկոս միջնորդավճարի սահմանումը։ Այսպիսով, դոլարով եւ եվրոյով սպեկուլյացիաները բորսայում որոշակիորեն կորցրեցին իրենց իմաստը։ Ներդրվեցին նաեւ ինչպես փոխանակման գումարի սահմանափակումներ, այնպես էլ պարտադիր նույնականացում՝ ավելի քան 15 000 ռուբլի գումար փոխանակելիս:
Լուրջ սահմանափակումներ են մտցվեցին արտասահման կապիտալի դուրսբերման համար։ Ռուսաստանի ոչ ռեզիդենտների ակտիվները «սառեցվեցին»։ Սրան գումարած, մորատորիում մտցվեց Ռուսաստանից մի շարք երկրներ դիվիդենտների վճարման վրա։
Իր դերը խաղաց նաեւ Ռուսաստանից դեպի Եվրոպայի մի շարք երկրներ զբոսաշրջության լուրջ կրճատումը, ինչը հանգեցրեց արտարժույթի արտահոսքի նվազման։ Ի թիվս այլ բաների, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը արտահանողներին պարտավորեցրել է վաճառել արտարժութային եկամուտների 80 տոկոսը, ինչը շուկա արտարժույթի լրացուցիչ ներհոսք է ապահովում։
Այս բոլոր միջոցները միասին թույլ տվեցին կտրուկ ամրապնդել ռուբլին, մասամբ անցում կատարել նախկին ազատական քաղաքականությանը արժութային շուկայում։ Օրինակ՝ ապրիլի 11-ից կարգավորիչը չեղարկեց բրոքերների միջոցով արտարժույթ գնելու վերոնշյալ միջնորդավճարը։ Շուկան անմիջապես արձագանքեց ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի որոշակի աճով (տե՛ս գրաֆիկը)։
.jpg)
Արտարժույթների հետագա փոխարժեքի վերաբերյալ ռուս փորձագետների կարծիքները տարբեր են։ Ոմանք կարծում են, որ դոլարը կամրապնդվի 74 ռուբլու մակարդակում, մյուսները՝ այն կտատանվի 90-100 ռուբլու սահմաններում։ Սա հիմնականում կախված է նրանից, թե որքան հեռու կգնա Արեւմուտքի եւ Ռուսաստանի առճակատումը։ Հատուկ արդիականություն են ձեռք բերում Ռուսաստանի հիմնական արտահանվող ապրանքների հետագա իրացման հնարավորությունները։
Սովորաբար Ռուսաստանի վճարային հաշվեկշիռը բնութագրվում է հսկայական դրական սալդոյով, որը հիմնականում արտաքին առեւտրի շնոհիվ է: Նշված ավելցուկը հիմնականում ապահովում են ածխաջրածինները, որոնց մասնաբաժինը Ռուսաստանի արտահանման մեջ հասնում է մոտ 50 տոկոսի, մի քանի տոկոս պլյուս-մինուսով։
Այդ էներգակիրների զգալի մասն արտահանվում է Եվրոպայի երկրներ։ Այժմ նրանց մեծ մասը ձգտում են հնարավորինս քիչ կախված լինել Ռուսաստանի մատակարարումներից։ Սակայն սա բավական բարդ խնդիր է։ Ի վերջո, եվրոպական երկրներ ներկրվող նավթի մոտ 39 տոկոսը եւ բնական գազի մոտ 40 տոկոսը գալիս է Ռուսաստանից։
Իր հերթին, մեր հյուսիսային հարեւանը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը դեպի արեւմտյան երկրներ էներգակիրների արտահանումից՝ մատակարարումների վեկտորը տեղափոխելով դեպի Արեւելք։ Եվ միեւնույն ժամանակ՝ նվազեցնել արտաքին առեւտրի «դոլարացման» մակարդակը։ Հարկ է ավելացնել, որ վերջին ամիսներին նկատվող Ռուսաստանի ներմուծման կրճատումն էլ ավելի է մեծացնում նրա արտաքին առեւտրի ավելցուկը։ Նկատենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ընդունած մի շարք երկրներում արգելվել է բազմաթիվ տեսակի ապրանքների ներմուծումը։
Հասկանալի է, որ այս բոլոր գլոբալ աղետները բացասաբար են անդրադառնում մեր երկրի վրա։ Բացասական հետեւանքների շրջանակը բավականին ընդարձակ է, ուստի կսահմանափակվենք դրանցից միայն մեկով: Տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում փոխանցումներ են ստանում Ռուսաստանից, որոնցից շատերը՝ ռուսական ռուբլով։ Ուստի նրանց համար Հայաստանում ռուբլու փոխարժեքը մեծ նշանակություն ունի։
Ռուսաստանում ԱՄՆ դոլարի առավելագույն ամրապնդման ժամանակահատվածում ռուբլու պաշտոնական փոխարժեքը Հայաստանում իջել է մինչեւ աղետալիորեն ցածր մակարդակի՝ 3,74 դրամի (մարտի 7)։ Սա միջին փոխարժեք է, այնպես որ փոխանակման կետերում ռուբլու տերերը ստիպված էին դրանք փոխանակել շատ ավելի վատ հարաբերակցությամբ։ Անգամ կատակ հայտնվեց՝ 1 ռուբլին 1 դրամ արժի։

Սակայն Ռուսաստանում ԱՄՆ դոլարի «թուլացումը» հանգեցրեց Հայաստանում այդ արժույթների փոխարժեքի փոփոխության։ Արդյունքում ռուբլին ամրապնդվեց դրամի նկատմամբ, թեեւ վերջին երկու օրերին այն որոշակի անկում է գրանցել։ Ապրիլի 12-ի դրությամբ Հայաստանում ռուբլու պաշտոնական փոխարժեքը 5,96 դրամ է։
Հավելենք, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների հեռանկարները հուսադրող չեն։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը կարող է հասնել 11,2 տոկոսի։ Եվ կան նաեւ ավելի վատ վարկանիշներ։ Անկասկած, Ռուսաստանի տնտեսության բացասական երեւույթները կազդեն նաեւ աշխատանքային միգրացիայի վրա։ Ըստ տեղեկությունների՝ մի շարք երկրներից՝ նախկին խորհրդային հանրապետություններից աշխատանքային միգրանտների զգալի մասն արդեն վերադառնում է հայրենիք։
Եզրափակելով՝ նշենք, որ Հայաստանում դոլարի պաշտոնական միջին փոխարժեքը նվազման միտում ունի։ 1 դոլարը ապրիլի 12-ի դրությամբ կազմել է 473,13 դրամ, իսկ նախորդ օրվա համեմատ նվազել է 1,71 դրամով։ Սա նվազագույն մակարդակն է տարեսկզբից։ Որոշ չափով դա պայմանավորված է Ռուսաստանի արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանափակումներով։ Բայց սա արդեն առանձին թեմա է։
Տիգրան Վարդանյան





























