Կիեւը հետ է քաշվել Ստամբուլում ձեռքբերված պայմանավորվածություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ստամբուլում մենք հասանք պայմանավորվածությունների որոշակի մակարդակի, որոնք ներառում էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, եւ ուկրաինական կողմն իր համար հայտարարում է անվտանգության շատ կոշտ երաշխիքներ, որոնք չեն տարածվի Ղրիմի, Սեւաստոպոլի եւ Դոնբասի տարածքների վրա։ Այնուհետեւ, ինչպես տեսանք, հաջորդեցին պայմանագրային գործընթացի շարունակման համար պայմաններ ստեղծելու մեր գործողությունները։ Փոխարենը Բուչայում բախվեցինք սադրանքի, եւ, որ ամենակարեւորն է, ուկրաինական կողմը հետ քաշվեց Ստամբուլում ձեռքբերված պայմանավորվածություններից։ Այժմ անվտանգության պահանջները մի բան են, եւ Ղրիմի, Սեւաստոպոլի եւ Դոնբասի շուրջ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են գալիս այդ համաձայնագրերի շրջանակից։ Այսինքն՝ մենք կրկին վերադարձել ենք փակուղային իրավիճակի մեզ եւ բոլորիս համար»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ իրեն զեկուցել են Ուկրաինայի բանակցային դիրքորոշման նոր փոփոխության մասին։
«Ճիշտ է, ինձ ասացին, որ երեկ երեկոյան ուկրաինական կողմը նորից ինչ-որ բան փոխել է։ Ես դեռ չգիտեմ այդ փոփոխությունների մասին»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո։
«Շատ է խոսվում այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է կռվել Ռուսաստանի դեմ «մինչեւ վերջին ուկրաինացին», ասում են այնտեղ եւ մեզ մոտ, եւ իրականում դա այդպես է»,-նշել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ այսօր աշխարհն ավելի բարդ վիճակում է, քան սառը պատերազմի տարիներին։
«Այս բարդ աշխարհում մեկ երկիր չի կարողանա պահպանել իր լիակատար գերիշխանությունը։ Այսօր քանդվում է միաբեւեռ աշխարհի համակարգը, որը ձեւավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո»,-հավելել է նա։
Հատուկ գործողություն Ուկրաինայում
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի։ Նրա խոսքով՝ դրա ավարտի ժամկետները կախված են ռազմական գործողությունների ինտենսիվությունից։
«Հաճախ եմ լսում հարցեր՝ հնարավո՞ր է ավելի արագ։ Հնարավոր է։ Դա կախված է ռազմական գործողությունների ինտենսիվությունից, իսկ ռազմական գործողությունների ինտենսիվությունը, ցավոք, ինչ-որ կերպ կապված է կորուստների հետ»,-ասել է Պուտինը։ «Մեր խնդիրն է հասնել բոլոր դրված նպատակներին՝ նվազագույնի հասցնելով այդ կորուստները»,-հավելել է նա։
Պուտինն ընդգծել է, որ այժմ կարիք չկա կրկնելու այն, ինչ նա բազմիցս ասել է։ «Ուշադիր հետեւում եմ մեր հասարակության եւ դրսում տեղի ունեցող քննարկումներին։ Հանրությունից ոչինչ չպետք է թաքցնել, պետք է օբյեկտիվորեն լուսաբանել այս աշխատանքը, մարտական աշխատանքը»,-ընդգծել է Պուտինը։




























