Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել։ Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, տաջիկ սահմանապահները մտել են Ղրղըզստանի տարածք։
Տարածքի խորքը տաջիկ սահմանապահների անցումը կանխելու համար Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ջոկատը նախազգուշական կրակոցներ է արձակել օդ։ Ի պատասխան՝ տաջիկ սահմանապահները կրակ են բացել ղրղըզ սահմանապահների ուղղությամբ։ Երկու պետությունների սահմանապահների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում կրակոցները դադարեցվել են։
Սակայն ժամը 21:17-ի սահմաններում Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում որպես ուժեղացում դեպքի վայր ժամանած Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի զինծառայողների վրա։ Կրկին հրաձգություն է սկսվել, որի ժամանակ ղրղըզ զինվոր է վիրավորվել։ Այնուհետեւ, տաջիկական կողմը սկսել է ականանետերով գնդակոծել ղրղըզական Դոստուկ գյուղը, հայտնում է Turmush-ը։
Ժամը 22:15-ին տաջիկական կողմը դադարեցրել է ղրղըզական Դոստուկ գյուղի ականանետային գնդակոծությունը։
Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչների միջեւ բանակցությունները շարունակվում են։
Ղրղըզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։
Պետական սահմանի Ղրղըզստան-Տաջիկական հատվածում իրավիճակը լարված է.
Ինչպես հայտնում է Sputnik-Տաջիկստանը՝ հղում անելով Սուղդի շրջանի ուժային կառույցների աղբյուրին, Ղրղըզստանի հետ սահմանին հակամարտության հետեւանքով տուժել են Տաջիկստանի երեք քաղաքացիներ։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել տաջիկ երեք սահմանապահներ։ Աղբյուրը մանրամասնում է, որ երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Միաժամանակ, ըստ տեղի բնակիչների, տաջիկա-ղրղըզական սահմանին հակամարտության հետեւանքով զոհեր կան։



























