Հարկային տեսչություններում մեկնարկել է հարկային արտոնությունների ժամանակացույցի կնքման գործընթացը, որի շնորհիվ հարկային մարմնի գործողություններն ավելի նպատակային կդառնան, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարող են կարգավորել իրենց խնդիրները` մարելով տարիներով կուտակված հարկային պարտքն առանց տույժ-տուգանքների: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ Աժ կողմից վերջերս ընդունված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն հարկ վճարողները, ովքեր 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ունեն կուտակած հարկային պարտավորություններ` շահութահարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով, մինչեւ օգոստոսի 20-ը կարող են դիմել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն եւ կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց: Վերջինիս կնքման եւ ապառքի գումարի փաստացի վճարման դեպքում, տնտեսվարող սուբյեկտն ազատվում է հարկային օրենսդրությամբ այդ պարտավորության գծով արդեն իսկ հաշվարկված տույժերից եւ տուգանքներից:
Օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 4-ից: ՊԵԿ նախագահի հանձնարությամբ բոլոր տարածքային հարկային տեսչություններում նշանակվել են պատասխանատուներ, ովքեր իրականացնելու են ամբողջ գործընթացը: Ի դեպ, հարկային տեսչութուններում գույքագրման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են եւ ընթացքի մեջ է տնտեսվարող սուբյեկտների իրազեկման գործընթացը` անհատական կամ թղթային կրիչի միջոցով:
Հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցը հարկ վճարողի հետ կնքում է հարկային տեսչության պետը, իսկ առավելապես խոշոր գումարի դեպքում` ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից լիազորված պաշտոնյան: Կոմիտեի նախագահի հանձնարարականի համաձայն, հարկային բոլոր տեսչություններում մեկնարկել է նաեւ հարկ վճարողների հետ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի կնքման գործընթացը: Նշենք, որ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ, տարբեր ժամանակահատվածներում առաջացած` չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 200 միլիարդ դրամ, որից 104 միլիարդը հարկի մայր գումարն, մնացած 96 միլիարդը` տույժ եւ տուգանքները (միայն տույժերը 72 միլիարդ են կազմում): Այսպիսով` ՊԵԿ-ում, 2012-ին հաշվառված կլինեն միայն գործող կազմակերպություններ եւ հարկային մարմինները գործ կունենան այն պարտքերի հետ, որոնք իսկապես բռնագանձման ենթակա են:



























