Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ ռուսական գազից այս պահին հրաժարվելն «անհնար է»:

«Ավստրիան միայնակ չէ գազի էմբարգոյի դեմ իր փաստարկներում»,- ասել է նա՝ վկայակոչելով Գերմանիայի եւ Հունգարիայի դիրքորոշումները։ Մյուս կողմից, Ավստրիան վճռականորեն աջակցում է ԵՄ անդամ մյուս երկրներին Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում։ Սակայն պատժամիջոցները պետք է ավելի շատ վնասեն Ռուսաստանին, քան Եվրամիությանը»,- ասել է Նեհամերը CNN-ին տված հարցազրույցում:

«Նավթն արդեն քննարկվում է Եվրահանձնաժողովում եւ ԵՄ խորհրդում։ Գազի հարցը առանձին է դրված, դա միայն Ավստրիայի դիրքորոշումը չէ, դա նաեւ Գերմանիայի, Հունգարիայի կամ Բուլղարիայի դիրքորոշումն է, քանի որ մենք կախված ենք գազից։ Մեր արդյունաբերությունը կախված է գազից։ Ուստի մենք պետք է սահմանենք պատժամիջոցներ, որոնք ավելի շատ վնասեն Ռուսաստանին, քան մեզ»,- հավելել է կանցլերը։ Հարցին, թե գազի էմբարգոն կարող է պառակտել ԵՄ-ն, Նեհամերը պատասխանել է, որ չի հավատում դրան:

«Մենք որոշում կկայացնենք Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին, քանի որ ցանկանում ենք ցույց տալ, որ Եվրամիությունում կա միասնություն, որ այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է նա։

«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք ռուսական գազից անկախանալու համար, եւ դա, նաեւ Ավստրիայի ցանկությունն է։ Բայց հիմա դա անհնար է։ Ժամանակ է պետք»։