JPMorgan Chase-ի առաջին եռամսյակի շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 42 տոկոսով, մասամբ այն պատճառով, որ բանկը գրեթե 1,5 միլիարդ դոլարի ակտիվներ է դուրս գրել՝ բարձր ինֆլյացիայի եւ Ուկրաինայի պատերազմի պատճառով:

Ակտիվների գծով ԱՄՆ-ի խոշորագույն բանկը հայտնել է, որ շահույթ է ստացել 8,3 միլիարդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 2,63 դոլարի չափով։ Արդյունքները չեն համապատասխանում Ուոլ Սթրիթի վերլուծաբանների ակնկալիքներին, որոնք ակնկալում էին, որ JPMorgan-ը մեկ բաժնետոմսի համար կվաստակի 2,72 դոլար, ըստ FactSet-ի տվյալների:

JPMorgan Chase-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնն ասել է, որ բանկը տեսնում է «լուրջ աշխարհաքաղաքական եւ տնտեսական մարտահրավերներ բարձր ինֆլյացիայի, մատակարարման շղթայի խնդիրների եւ Ուկրաինայի պատերազմի պատճառով»:

Մեկ տարի առաջ JPMorgan-ն ավելացրել է իր առաջին եռամսյակի շահույթը՝ ազատելով ավելի քան 4 միլիարդ դոլար վարկային պահուստներ՝ կապված տնտեսության բարելավման եւ COVID-19 համավարակի թուլացման հետ։

Լրագրողների հետ զրույցում JPMorgan-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ջերեմի Բարնումն ասել է, որ Ռուսաստանում դուրս գրված ակտիվների մեծ մասը կապված է ռուսական ընկերությունների եւ ակտիվների «կոնկրետ անունների», ինչպես նաեւ Ռուսաստանի հետ կապված որոշ ածանցյալ գործիքների հետ: