Ֆինլանդիայի կառավարությունն անվտանգության ոլորտում փոփոխությունների եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ զեկույց է ներկայացրել խորհրդարանին։

Ընդարձակ զեկույցը ներառել է գնահատական այն մասին, թե արդյոք Ֆինլանդիան պետք է ավելի սերտ համագործակցություն զարգացնի ՆԱՏՕ-ի հետ եւ հաշվի առնի դաշինքին հնարավոր անդամակցության հետեւանքները:

Զեկույցում ասվում է, որ եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ դառնան, «Բալթիկ ծովի տարածաշրջանում ռազմական ուժի կիրառման շեմը կբարձրանա», ինչը կբարձրացնի «տարածաշրջանի կայունությունը երկարաժամկետ հեռանկարում», հայտնում է CNN-ը։

Անդամակցությունը ենթադրում է հավատարմություն ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության հիմնարար սկզբունքին (հոդված 5), ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի մի անդամի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում բոլոր անդամների վրա:

Զեկույցում նշվում է, որ «ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության ամենակարեւոր ազդեցությունը կլինի այն, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մաս կդառնա եւ 5-րդ հոդվածում ամրագրված անվտանգության երաշխիքներ կստանա»:

ՆԱՏՕ-ին անդամակցելու զսպող ազդեցությունը «զգալիորեն ավելի ուժեղ կլինի, քան ներկայումս, քանի որ այն հիմնված կլինի ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավորությունների վրա», ասվում է զեկույցում։ «Ֆինլանդիան պատրաստ կլինի աջակցել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին՝ 5-րդ հոդվածի հետ կապված իրավիճակ ստեղծվելու դեպքում»:

Զեկույցում ասվում է, որ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը «զգալիորեն կընդլայնի Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքը, կկրկնապատկի նրա ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ եւ դաշինքին կմոտեցնի Ռուսաստանի ռազմավարական կարեւոր տարածքներին», ինչպիսիք են Կոլայի թերակղզին եւ Սանկտ Պետերբուրգը:

Ֆինլանդիան «կձգտի պահպանել Ռուսաստանի հետ գործող հարաբերությունները, եթե ՆԱՏՕ-ի անդամ դառնա»:

Զեկույցը նախազգուշացնում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի «բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի ընդլայնման նկատմամբ», եթե Ֆինլանդիան դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ապա պետք է պատրաստ լինի «դժվար կանխատեսելի ռիսկերի, ինչպիսին է լարվածության աճը Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի սահմանին»: Երկիրը ստիպված կլինի «ուժեղացնել հիբրիդային ազդեցության լայնածավալ գործունեության օբյեկտ դառնալու իր պատրաստականությունը»։

Դաշինքին անդամակցելու բանակցությունների շրջանակում Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ կավելացնի ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը երկրում՝ հայտարարելով, որ «անդամակցությունը Ֆինլանդիային չի պարտադրի ընդունել միջուկային զենք, մշտական բազաներ կամ զորքեր իր տարածքում»:

«Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական պաշտպանության մեջ Ֆինլանդիայի ներդրումը անդամակցության գործընթացում կքննարկվի»։