ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կարծում է, որ «երկար ժամանակ» կպահանջվի դոլարը համաշխարհային տնտեսության առանցքային արժույթի դիրքից դուրս բերելու համար։

Նրա խոսքով, Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցությունը ցույց է տալիս դոլարի եւ եվրոյի, ինչպես նաեւ իր դաշնակիցների հետ ԱՄՆ-ի գործընկերության կարեւորությունը։ Յելենը հավելել է, որ դոլարի գերակայությունը՝ որպես փոխանակման միջոց, պայմանավորված է «ամերիկյան տնտեսության, ֆինանսական համակարգի հզորությամբ եւ ԱՄՆ ֆինանսական շուկաների նկատմամբ վստահությամբ»։

Նա խոստովանել է, որ Ուկրաինայի պատերազմը կազդի համաշխարհային տնտեսության աճի վրա՝ նշելով, որ սննդամթերքի, էներգակիրների եւ որոշ մետաղների գների աճը խթանում է առկա գնաճային ճնշումները։ «Սա, հավանաբար, հարված կհասցնի համաշխարհային աճին»,- հայտարարել է Յելենը՝ հավելելով, որ իրեն «ավելի շատ անհանգստացնում է ռեցեսիայի հեռանկարը» Եվրոպայում, որն առավել խոցելի է Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների խափանումների հանդեպ:

Յելենի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ունի «շատ ուժեղ տնտեսություն եւ շատ ուժեղ աշխատաշուկա, բայց դրանք նույնպես բախվել են աշխատավարձի վրա ուժեղ ճնշումների», ինֆլյացիայի՝ Չինաստանում COVID-19-ի հետ կապված արգելափակումների պատճառով։