Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) խստագույնս դատապարտում է Ֆրանս-հայկական խորհրդի կայքի նկատմամբ հուլիսի 27-ին հաքերային գրոհը: Այդ մասին գրում է «Nouvelles dArménie»-ին: Կայքում home page-ը փոխարինվել է սեւ ֆոնի վրա տեղադրված Քեմալ Աթաթուրքի դիմանկարով:
CCAF –ի կողմից իրականացված հետաքննության տվյալներով` հեղինակը համացանցում անօրինական գործունեությամբ հայտնի Սկրիպտկիդդիս հաքերն է:
«Հապշտապ եզրահանգումներ չենք անի, սակայն կայքի վրա գրոհը եղել է Հրանտ Դինքի սպանության գլխավոր կասկածյալի նկատմամբ դատավճռի կայացման օրը: Առաջին անգամը չէ, երբ Ֆրանսիայում հայկական կազմակերպության կայքը թուրք-ադրբեջանական ուլտրազգայնական զգացմունքներով կամ, առնվազն, հակահայ ռեֆլեքսներով տառապող համացանցային հանցագործների թիրախ է դառնում: CCAF-ը չի բացառում դատական հայցի ներկայացումը նման գործունեության սիրահարների դեմ»,-ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ:




























