Սեւան-Մարտունի-Գետափ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Լճաշեն գյուղի 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման համար ներդրվել է 968 մլն դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը` Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի ուղեկցությամբ,  այսօր` հուլիսի 30-ին, մասնակցել է դրա բացմանը,շրջել է ճանապարհահատվածով, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ 2008թ.-ից վերականգնվող ճանապարհահատվածը Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում գտնվում էր ջրածածկ վիճակում, սակայն ներկայում այն համապատասխանում է շահագործման նորմերին եւ ամբողջովին ապահով է երթեւեկության համար: Այստեղ իրականացվել են ափապաշտպան միջոցառումներ եւ հողային աշխատանքներ:

Ճանապարհահատվածի ողջ երկարությամբ տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաեւ ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ, ճանապարհն ափից բարձրացվել է 3,7 մետրով:: Հաշվի առնելով լճի ջրի մակարդակի առաջիկայում հնարավոր բարձրացումը` նախատեսվում է, որ ճանապարհահատվածն իր նպատակին կծառայի առնվազն 10-12 տարի: