Ուկրաինայի պատերազմը «բարձրացրել է ռիսկերը» Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ամենաաղքատ երկրների համար՝ կապված սննդի եւ էներգակիրների գների աճի հետ, հայտարարել է Համաշխարհային բանկը՝ զգուշացնելով հնարավոր սոցիալական բողոքների մասին, հայտնում է AFP-ն։

Covid-19-ի պատճառով առաջացած ինֆլյացիոն ճնշումը «հավանաբար կխորանա» ուկրաինական հակամարտության պատճառով։ «Covid-19-ի տարբերակների սպառնալիքը պահպանվում է, իսկ Ուկրաինայում պատերազմը բազմապատկել է ռիսկերը, հատկապես աղքատների համար»,- հայտարարել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Ֆերիդ Բելհայը՝ «Իրականության ստուգում» վերնագրով զեկույցում:

«Պարենի գների աճը կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ՝ պարենային անվտանգության ավելացումից բացի»,- ասվում է զեկույցում: «Պատմականորեն Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հացի գների աճը նպաստել է սոցիալական բողոքների եւ հակամարտությունների առաջացմանը»:

«Պարենի գների, հակամարտությունների եւ աճի ցածր տեմպերի միջեւ այս կապը լուրջ անհանգստություն է առաջացնում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի փխրուն, հակամարտությունից եւ բռնությունից տուժած պետություններում հումանիտար ճգնաժամի համատեքստում»:

Ուկրաինան հացահատիկի հիմնական աղբյուրն է, իսկ Ռուսաստանը գյուղատնտեսության համար անհրաժեշտ էներգիայի եւ պարարտանյութի հիմնական արտադրողը: Տարածաշրջանը մեծապես կախված է երկու երկրների ցորենի մատակարարումներից:

Զեկույցի համաձայն՝ Պարսից ծոցի նավթով հարուստ երկրներում գնաճն այս տարի կհասնի 3,0 տոկոսի՝ 2021թ․ 1,2 տոկոսի համեմատ, իսկ նավթ ներկրող երկրներում՝ անցյալ տարվա 1,4 տոկոսից կհասնի 3,7 տոկոսի:

«Որոշ նավթ ներկրողների համար սահմանափակ ռեսուրսների պատճառով դժվար կլինի պահպանել պարենային սուբսիդիաները», մինչդեռ «նավթի գների աճը կարող է հետաձգել բարեփոխումները», ասվում է զեկույցում։

Չնայած սրան, Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2022թ․ տարածաշրջանի տնտեսական աճը կկազմի 5,2 տոկոս, ինչը ամենաարագ տեմպն է 2016-ից։

«Տարածաշրջանն ամբողջությամբ նավթի հաշվին է ապրում» եւ նրա գործերը շատ ավելի լավ են, քան աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանում, AFP-ին տված հարցազրույցում ասել է MENA տարածաշրջանի առաջատար տնտեսագետ Դենիել Լեդերմանը:

Սակայն սպասվող աճը «անբավարար է ու անհավասարաչափ»։ «Անբավարար է, քանի որ MENA տարածաշրջանի մեծ թվով երկրներ դեռեւս աղքատ կլինեն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի առումով՝ համեմատած այն վիճակի հետ, որում նրանք եղել են 2019թ․՝ մինչեւ համավարակը»,- ասել է նա:

Եվ «անհավասար, քանի որ ավելի արագ (վերականգնվող) տնտեսությունները 2022թ․ նավթի արտահանողներ կլինեն, բայց սպասվում է, որ նավթ ներկրողները կտուժեն»:

Ակնկալվում է, որ նավթ արտահանող երկրների տնտեսությունը կաճի 5,4 տոկոսով՝ համավարակից հետո վերականգնման, նավթի արդյունահանման ակնկալվող աճի եւ նավթի բարձր գների պայմաններում։