Գերմանիայի տնտեսությունն այս տարի կկրճատվի մոտ 2 տոկոսով, եթե Ուկրաինայում պատերազմը սրվի, ինչը ռուսական էներգառեսուրսների բոյկոտի, արտաքին պահանջարկի թուլացման եւ ավելի մեծ անորոշության կհանգեցնի, հայտարարել են Բունդեսբանկում, փոխանցում է Reuters-ը:

Գերմանիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի հետեւանքներն արդեն իսկ թուլացրել են եվրոգոտու տնտեսական վերականգնումը համավարակով պայմանավորված անկումից:

Սակայն արժութային բլոկի համար պատկերը, հատկապես՝ իր մեծ արդյունաբերական ներուժով Գերմանիայի համար, շատ ավելի վատը կլինի, եթե Ուկրաինայում իրադարձությունները հանգեցնեն նրան, որ Եվրամիությունը դադարեցնի ռուսական հում նավթի, բնական գազի եւ ածուխի ներմուծումը:

«Ծանր ճգնաժամային սցենարի դեպքում իրական ՀՆԱ-ն այս տարի կնվազի գրեթե 2 տոկոսով՝ 2021 թվականի համեմատ,- հայտարարել են Բունդեսբանկում:- Բացի այդ, գնաճի ցուցանիշն զգալիորեն բարձր կլինի ավելի երկար ժամանակահատված»։