Տղամարդը, որն, ինչպես համարվում է, հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եղել, դանակով հարձակվել է Նիսի եկեղեցու հոգեւորականի վրա, փոխանցում է Reuters-ը:

Երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը Twitter-ում հայտնել է, որ հոգեւորականի կյանքին ոչինչ չի սպառնում, ինչպես նաեւ հավելել է, որ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին:

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտնել է, որ հարձակում իրականացնողը հոգեկան անկայուն վիճակում է եղել, դատվածություն չի ունեցել եւ դանակը գնել է օրեր առաջ: BFM հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանությանը, տեղեկացրել է, որ հարձակում իրականացնողը 31-ամյա ֆրանսիացի է, իսկ հարձակման համար ահաբեկչական շարժառիթ չի եղել:

Տեղի պատգամավոր Էրիկ Չիոտտին հայտարարել է, որ հոգեւորականը, որը հայտնի է հայր Քրիստոֆ անունով, դանակով մի քանի վիրավորում է ստացել: Նրա խոսքով՝ միանձնուհիներից մեկն էլ ձեռքի վիրավորում է ստացել, երբ փորձել է դանակը խլել հարձակվողի ձեռքից: