Բժիշկների եւ գիտնականների միջազգային խումբը վերջերս հրապարակել է հետազոտություն «մերձիմահ» զգացողությունների մասին։
Վերջին տասնամյակներին այնպես է ստացվել, որ կլինիկական մահվան դեպքերն ավելի շատ են, քան մարդկության պատմության որեւէ այլ պահի։ Սա հիմնականում կապված է սիրտ-թոքային վերակենդանացման եւ բժշկական այլ միջամտությունների հետ, որոնք բարելավել են մարդկանց կյանք վերադարձնելու մեր ունակությունն այն իրադարձություններից հետո, որոնք նախկինում կարող էին սպանել նրանց։
Այսօր կուտակված գիտական տվյալների, մահվան մասին հիշատակումների հիման վրա կարելի է նշել, որ կան ընդհանուր չափանիշներ, որոնք հիմնականում ունիվերսալ են թվում։ Այդ իրադարձությունները հաճախ նման են՝ անկախ մարդու գտնվելու աշխարհագրությունից, մշակութային փորձից կամ այլ՝ ժողովրդագրական հատկանիշներից, տեղեկացրել է SYFY-ն։
Ընդհանուր չափանիշներից են մարմնից անջատվելու զգացողությունը եւ այն գիտակցումը, որ մարդը մահացել է, նպատակին հասնելու զգացողությունը, կյանքի վերանայումը, հանգստի կամ այն զգացողությունը, որ մարդը տանն է, իսկ հետո վերադառնում է կյանք։ Այս վերջին փորձն անպայման առկա է այն մարդկանց մոտ, որոնք վերադառնում են կյանք եւ տեղեկացնում իրենց փորձի մասին։
Նման զգացողությունների մասին, չնայած տարիքին համապատասխան տերմիններով, պատմել են երեք տարեկան եւ ավելի փոքր երեխաները։ Գիտնականները հատուկ նշանակություն են տալիս այդ զգացողություններին՝ երեխաների փոքր տարիքի պատճառով։ Այնքան էլ հավանական չէ, չնայած անհնար էլ չէ, որ վաղ տարիքում երեխաների համար մահվան ըմբռնումը մշակութային երանգավորումներ ունենա։
Իհարկե, պարզ չէ, թե ինչ մեծ նշանակություն ունեն այդ զգացողությունները, եթե դրանք առհասարակ կան։ Պետք է նշել, որ փորձի առկայությունը մահվան գործընթացում մեզ ոչինչ ասել չի կարող այն մասին, թե ինչ է տեղի ունենում մահանալու պրոցեսի ավարտվելուց հետո։
Ուղեղի գամմա-ակտիվությունը եւ էլեկտրական բռնկումները կապված են մահվան պրոցեսի հետ եւ կարող են լինել գիտակցման ու փոխանցվող ապրումների զգացողության պատճառը։
Գիտնականների հայտարարության համաձայն՝ գլխուղեղի բջիջներն ավելի կայուն են արյան հոսքի եւ թթվածնի կրճատման նկատմամբ, քան կարծում էին ավելի վաղ, դրանք կարող են շարունակել աշխատել մահվանից հետո բավական երկար ժամանակ։
Այս ուսումնասիրությունները կարող են օգնել պարզելու, թե ինչպես կարող ենք վարվել մահացող պացիենտների հետ, եթե անգամ նրանք ոչինչ ասել չեն կարող այն մասին, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ մահվանից հետո։





























