Աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Կանե Տանական, որը Գինեսի Ռեկորդների գրքի վարկածով նաեւ Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչն էր համարվում, մահացել է կյանքի 120-րդ տարում, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։
Այս տարվա հունվարի 2-ին Տանական նշել էր իր 119-րդ տարեդարձը։ Նա ապրում էր Ֆուկուոկայի տարեցների տանը եւ հակաքովիդային սահմանափակումների պատճառով գրեթե հնարավորություն չուներ հանդիպելու հարազատների հետ։
Ճապոնուհին ծնվել էր 1903թ. հունվարի 2-ին։ Նրա ամուսինը եւ ավագ որդին զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Տանական ամբողջ կյանքն աշխատել է բրնձահացի խանութում, որը բացվել էր դեռեւս պատերազմից առաջ։ 1970թ. թոշակի անցնելուց հետո նա մի քանի անգամ մեկնել է ԱՄՆ։
2005 թվականից Տանական ապրում էր Ֆուկուոկայի տարեցների տանը։ Նա վաղ արթնանալու սովորություն ուներ, սիրում էր ռեւերսի եւ սեղանի այլ խաղեր ու քաղցրեղեն։ 103 տարեկանում նրան վիրահատել էին՝ հեռացնելով քաղցկեղային ուռուցքը, այդ ժամանակվանից ի վեր այլ լուրջ հիվանդություններ նա չէր ունեցել։




























