Եգիպտոսի իշխանությունները վերադասակարգել են առողջարանային հյուրանոցների 70 տոկոսը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, հայտնում է АТОР-ը:
Այս պահի դրությամբ ստուգումն ավարտվել է զբոսաշրջային Հուրգադայի 71 հյուրանոցներում եւ Հարավային Սինայի զբոսաշրջային գոտում գտնվող 64 օբյեկտներում։
Իջեցվել է Կարմիր ծովում 97 օբյեկտների «աստղայնությունը»: Հուրգադայում դրանք 47-ն են (փորձագիտական գնահատական անցածների 66 տոկոսը), իսկ Շարմ էլ-Շեյխում՝ 50-ը, կամ ստուգվածների 78 տոկոսը:
Ամենից հաճախ իրենց վարկանիշին չեն համապատասխանել չորս աստղանի հյուրանոցները (բոլոր ստուգվածների 60 տոկոսը)։ Դրանց տերերին հրահանգվել է կարգի բերել հյուրանոցները՝ տուրօպերատորներին ու հանգստացողներին մոլորության մեջ չգցելու համար։
Բացի այդ, սանիտարական եւ այլ պահանջներին չհամապատասխանելու պատճառով հյուրանոցային գործունեության լիցենզիաները չեղարկվել են 15 օբյեկտների դեպքում՝ յոթը Կարմիր ծովի տարածաշրջանում եւ ութը՝ Հարավային Սինայում: Եգիպտական հյուրանոցների «աստղերի» վերանայման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչեւ ամառվա կեսը։




























