Բրաունի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները օգտագործել են վիրտուալ իրականության տեխնոլոգիան եւ մշակել մոդել, որը կարող է կանխատեսել մարդկանց վարքն ու շարժումը ամբոխի մեջ։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում:
«Ամենատարածված մոդելների մեծ մասը հիմնված են ֆիզիկայի՝ ձգողականության եւ վանման ուժերի վրա, եւ ամբողջությամբ չեն նկարագրում, թե ինչու են խմբում մարդիկ իրենց որոշակի ձեւով պահում»,- պարզաբանել է աշխատանքի հեղինակ Ուիլյամ Ուորենը: «Մենք առաջին թիմն ենք, որը սենսորային հիմք է առաջարկել այս տեսակի համակարգված շարժման համար»:
Մոդելը ստեղծելու համար գիտնականները վիրտուալ ամբոխի մեջ հետեւել են վիրտուալ իրականության ակնոց կրող մարդկանց շարժումներն ու փոխազդեցությունները: Պարզվել է, որ ինչպես թռչունների երամները, խոշոր եղջերավոր անասունների հոտը կամ ձկների վտառները, մարդիկ ամբոխի մեջ փորձում են շարժվել որպես մեկ ամբողջություն՝ շարժման ուղղությունն անհատական ընտրելու փոխարեն։ Մոդելը ապացուցել է, որ կարող է բավականին ճշգրիտ կանխատեսել ամբոխի շարժման ուղղությունը:





























