Հոնկոնգը նախատեսում է մայիսի երկրորդ կեսին մեղմել հակաքովիդային միջոցները։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում տեղեկացրել է Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի գործադիր իշխանության ղեկավար Քերի Լամը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Հաճելի է գիտակցել, որ համավարակի հինգերորդ՝ ուժեղ ալիքից ավելի քան երեք ամիս հետո մենք Հոնկոնգում նորմալ գործունեության վերադառնալու ճանապարհին ենք»,- ասել է նա։

Ապրիլի 21-ից  քաղաքում նորից բացվել են կինոթատրոնները, Դիսնեյլենդը, մարզասրահները, գեղեցկության սրահները, կրոնական հաստատությունները, գրադարանները, թանգարանները։ Դրանք կարող են աշխատել պատվաստված այցելուների համար՝ 50 տոկոսանոց բեռնվածությամբ։ Ռեստորանների աշխատանքի ժամանակը երկարացվել է միչեւ ժամը 22.00-ն (մինչ այդ մինչեւ 18.00-ն էր), իսկ բնակչությանը թույլ է տրվել չորս հոգուց բաղկացած խմբեր կազմել՝ երկուսի փոխարեն, բայց դիմակներ կրելու ռեժիմը պահպանվում է։

Սպասվում է, որ մայիսի երկրորդ կեսին, բարենպաստ համաճարակային իրադրության դեպքում, կբացվեն լողափերը, լողավազանները, զբոսավայրերը եւ բարերը։

Վերջին օրերին Հոնկոնգում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 500-ից ցածր է։ Համավարակի գագաթնակետին (մարտի 9), այդ ցուցանիշը մոտ 59 հազար էր։