Ֆիլիպինների սենատոր Ռամոն Ռեվիլա կրտսերը Facebook-ից պարզաբանումներ է պահանջել իր գրառումների եւ տեղեկատվության մի շարք արգելափակումների վերաբերյալ, որոնցով կիսվել էին պաշտոնյաները եւ սովցցանցի սովորական օգտատերերը, երեքշաբթի հաղորդել է Ֆիլիպինյան լրատվական գործակալությունը:
Facebook-ի՝ Ֆիլիպինների գրասենյակի տնօրեն Ջոն Ռուբիոյին ուղղված նամակում սենատորն ընդգծել է, որ ինքը «միանում է կառավարության եւ ԶԼՄ-ների մտահոգություններին՝ պաշտոնական գործառույթների կատարման ժամանակ չպատճառաբանված միջադեպերի եւ ազգային անվտանգության, ինքնիշխանության եւ հիմնարար ազատությունների վրա դրանց ազդեցության կապակցությամբ»:
Գործակալության տվյալներով՝ Ֆիլիպինների նախագահի՝ հաղորդակցությունների գծով քարտուղարի տեղակալ Լորեն Բադոյը քննադատել է գրաքննության դրսեւորումները Facebook-ում, սակայն այդ մասին հաղորդագրություններն արգելափակվել են ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ սովորական օգտատերերի էջերին:
Ֆիլիպինների ազգային մամուլի ակումբը տեղի ունեցածը ոչ միայն «նվաստացման եւ քաղաքացիական ազատությունների անամոթ ոտնահարման ակտ», այլեւ երկրի ինքնիշխանության խախտում է անվանել, նշում է գործակալությունը։ Դրա տվյալներով՝ Facebook-ում արգելափակվում են պետական մարմինների, այդ թվում՝ բուն գործակալության գրառումները՝ նշելով, որ դրանք խախտում են «հանրային չափանիշները»։
Ֆիլիպինյան գործակալությունը, մասնավորապես, նշում է, որ նույն պատրվակով ապրիլի 25-ից 30 օրով արգելափակվել է փաստաբան Վիկ Ռոդրիգեսի էջը, ով մայիսի 9-ին կայանալիք ընտրություններում ներկայացնում է նախագահի թեկնածու Ֆերդինանդ Մարկոս կրտսերին։ Ֆիլիպիններում չեն բացառում, որ տեղի ունեցածը երկրում ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձ է։
Facebook-ը՝ ի դեմս Meta ընկերության, տեղի ունեցածն ընդամենը որպես տեխնիկական խնդիր է բացատրել, որի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ավելի մանրամասն պարզաբանումներ, ինչպես նշվում է, չեն հետեւել:





























