Վայոց Ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Մասիս քաղաքի դատարանում այսօր` օգոստոսի 2-ին շարունակվել է ամուսնու ծեծից մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտնում է, որ նիստի ընթացքում հարցաքննվել են գործով վկաներ՝ Զարուհիի եւ Յանիսի նախկին կուրսղեկ Անահիտ Հակոբյանը, դասախոս Արմենուհի Ղուկասյանը, հարեւանուհին` Բուրաստան Վարդանյանը:

Վկաների ցուցմունքներն էլ վկայում էին Զարուհի Պետրոսյանի պարկեշտ, դրական վարքի եւ նրա դաժան սպանության մեջ մեղադրվող ամուսնու` Յանիս Սարկիսովի բացասական վարքի մասին:

Հաշվի առնելով պաշտպանական կողմի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին վճռաբեկ բողոքի, պաշտպան Ժորա Հարությունյանի առողջական խնդիրների առկայությունը, Յանիս Սարկիսովի՝ դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալուց հետո ցուցմունք տալու ցանկությունը, ինչպես նաեւ տուժողի իրավահաջորդի առաջիկա ծննդաբերության փաստը՝ դատական նիստը հետաձգվել է:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին ժամը 12-ին:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է  2010թ. հոկտեմբերի 1-ին` ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը եւ կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ: