Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է հանձնել Տաջիկստանին՝ ի հեճուկս դա չանելու Ղրղըզստանի խնդրանքին։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Ժեենբեկ Կուլուբաեւը, փոխանցում է Vesti.kg-ն։

Նրա թեկնածության քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը Կուլուբաեւին հարցրել է, թե ճիշտ է արդյոք, որ Տաջիկստանը «Բայրաքթար» է ստացել։ «Մենք ստացել ենք այդ տեղեկությունը եւ հանձնարարել ենք դեսպանին ու այլ մարմիններին ուսումնասիրել այն։ Ավելի վաղ Ղրղըզստանը խնդրել էր Թուրքիային զինտեխնիկա չփոխանցել մեր հարեւաններին, քանի դեռ չլուծված խնդիրներ կան։ Բայց մեզ պատասխանեցին, որ դա բիզնես է»,- պատասխանել է Կուլուբաեւը։

Նրա խոսքով, Ղրղըզստանը պարզում է, թե ինչ գումարի եւ որքան անօդաչու թռչող սարք է ստացել հարեւան երկիրը։ Կուլուբաեւը հավելել է, որ Ղրղըզստանը բանակցություններ կվարի թուրքական կողմի հետ «բոլոր տեղեկությունները ստանալուց հետո»։