Վառ կապույտ ադամանդը Հոնկոնգի Sotheby's աճուրդում վաճառվել է անանուն գնորդին 450.9 միլիոն հոնկոնգյան դոլարով (57.5 միլիոն դոլար): Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։
15.1 կարատանոց (3.02 գրամ) թանկարժեք քարը, որը կոչվում է The De Beers Blue, այդ գույնի ամենամեծ ադամանդն է, որը երբեւէ վաճառվել է աճուրդների ժամանակ:
39.3 կարատանոց (7.86 գրամ) ադամանդը, որից պատրաստվել է քարը, արդյունահանվել էր 2021 թվականի ապրիլին Հարավային Աֆրիկայի հյուսիս-արեւելքում գտնվող Կուլինան հանքավայրում: Հուլիսին հարավաֆրիկյան Petra Diamonds ընկերությունը քարը վաճառել էր ավելի քան 40 միլիոն դոլարով De Beers եւ Diacore ընկերությունների համատեղ ձեռնարկությանը:
Կուլինան հանքավայրը հայտնի է նրանով, որ 1905 թվականին այնտեղ արդյունահանվել էր աշխարհի ամենամեծ ադամանդը՝ 3106 կարատ (621.35 գրամ) կշռով, որը հայտնի է Կուլինան եւ Աֆրիկայի աստղ անվանումներով։ Բացառիկ մաքրության կապատսպիտակ քարը բաժանվել էր ինը մասի։ Այդ խմբաքանակից ամենամեծ ադամանդը՝ Կուլինան 1-ը, զարդարում է բրիտանական թագավորական գավազանը, որը պահվում է լոնդոնյան Թաուերում:




























