Նիգերիայի խորհրդարանը քայլեր է ձեռնարկել՝ առեւանգումների համար փրկագնի վճարումն արգելելու համար, հաղորդում է AP-ն։
Նիգերիայի սենատն ընդունել է ահաբեկչության կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ փրկագնի վճարումն արգելելու համար։ Դրանում ասվում է, որ փոփոխությունը «կխանգարի ահաբեկչական խմբավորումներին փողեր լվանալ»:
Սակայն եթե օրինագիծը ստորագրվի երկրի նախագահի կողմից, դա կարող է ավելի մեծ վնաս հասցնել առեւանգվածներին եւ նրանց ընտանիքներին, հինգշաբթի AP գործակալությանը հայտնել են ակտիվիստները եւ Amnesty International-ի Նիգերիայի մասնաճյուղը:
Արեւմտաաֆրիկյան երկիրն ամեն կերպ փորձում է զսպել զինված բռնության աճը այն շրջաններում, որտեղ հեռավոր համայնքները հաճախ զինված խմբավորումների թիրախ են դառնում։
Հազարավոր մարդիկ են սպանվել բռնությունների հետեւանքով, վկայում են ԱՄՆ-ում գործող Միջազգային հարաբերությունների խորհրդի տվյալները, իսկ ճանապարհորդներին հաճախ առեւանգում եւ պահում են շաբաթներով, սովորաբար անտառային արգելոցներում, մինչեւ փրկագին վճարեն նրանց ազատ արձակման համար:
Ըստ Լագոսում տեղակայված SBM հետազոտական ընկերության, փրկագին ստանալու նպատակով առեւանգման «բիզնեսը» շահութաբեր է՝ 2011-2020 թվականներին առեւանգողներին ավելի քան 18 միլիոն դոլար է վճարվել:
Նիգերիայի դաշնային իշխանություններն արդեն որոշ ժամանակ է փորձում են պայքարել այս երեւույթի դեմ։ Այս ամսվա սկզբին դաշնային իշխանություններն արգելել էին զանգերը ավելի քան 70 միլիոն չգրանցված գծերից՝ փորձելով հետապնդել առեւանգողներին եւ դժվարացնել նրանց շփումները գերության մեջ գտնվողների ընտանիքների հետ:





























