Հայաստանում ոչ մի աղանդ չկա: Օգոստոսի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը:

Ի պատասխան լրագրողների խնդրանքի` ձեւակերպել «աղանդ» հասկացությունը, Ասցատրյանը հայտարարել է, թե աղանդ է այս կամ այն կրոնական միավորումը, որը հակաօրինական գործունեություն է իրականացնում: «Քանի դեռ օրենքի խախտման որեւէ փաստ չունենք, չենք կարող այն աղանդ անվանել»,- ասել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ դա իր անձնական կարծիքն է` հիմնված Եվրոպայում տարածված պրակտիկայի վրա:

NEWS.am-ի թղթակցի հարցին, այդ դեպքում արդյոք սատանիզմը «աղանդ չէ, քանի դեռ սատանիստը, կոպիտ ասած, մարդ չի մորթել», բանախոսը պատասխանել է, «դե այդպես է ստացվում»:

«Պնդումը, որ Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են աղանդները, չի հիմնավորվում որեւէ օբյեկտիվ տվյալով: 20 տարի առաջ, երբ Հասյաստանը անկախություն ձեռքբերեց, բազմաթիվ կրոնական կազմակերպություններ ներմուծվեցին դրսից: Այդ ընթացքում նրանք հասցրին ոտքի կանգնել, որոշակի կառույցներ ստեղծել, կրոնական կազմակերպություններին բնորոշ ատրիբուտներ ունենալ: Դա հետեւանք էր նրա, որ Հայաստանը մի շարք միջազգային պայմանագրեր եւ կոնվենցիաներ կնքել, այդ թվում կրոնական դավանանքի ազատության մասին»,- ասել է Վարդան Ասցատրյանը` հավելելով, որ կրոնական որոշ կազմակերպությունների գործունեությունը հաճախ որոշակի արդարացված անհանգստություն է հարուցում:

«Խոսքն այն մասին է, որ աղանդները սկսում են իրենց կրոնական շինությունները կառուցել դպրոցների, մանկապարտեզների եւ այլ վայրերի մոտ: Պետք է օրենսդրական մակարդակում արգելել նրանց պաշտամունքային շինություններ կառուցել կրթական հաստատությունների, ծննդատների, երեխաների հավաքման վայրերի մոտ, քանի որ նրանք կարող են ազդել չձեւավորված մարդու վրա, որը բավարար գիտելիքներ չունի ընտրություն կատարելու համար: Դրանով խախտվում է մարդու ընտրության իրավունքը»,- ամփոփել է նա: